Ecotourism
2021 թ. մայիսի 14-ին Վահագնի գյուղի ապագա բնակիչներ Վահագն Վարդումյանն ու Աշոտ Դավթյանը, ովքեր այս պահին զբաղված են գյուղում իրենց տների նորոգման աշխատանքներով, իրականացրեցին գյուղի առաջին հիմնական քայլարշավային երթուղու հերթական ուսումնասիրությունն ու մաքրագրեցին այն՝ նախապատրաստելով երթուղին հաջորդ օրը տեղի ունենալիք առաջին թեստային արշավին։
Մայիսի 16-ին, Նեթվորք արշավներ ծրագրի շրջանակներում Կարապետ Թոմիկյանի ու Գագիկ Կոնջորյանի գլխավորությամբ Վահագնի գյուղ ժամանեց արշավականների 14 հոգանոց խումբը, որ եկել էր ծանոթանալու գյուղին։ Նրանց դիմավորեցին գյուղի բնակիչները՝ 8-9 տարեկանից մինչև տարեց վահագնեցիներ, գյուղապետ Սուրեն Կոստանդյանի նախաձեռնած ջերմ ընդունելությամբ ու ծրագրով, որ ներառում էր գյուղի դպրոցի դիմաց նախ գյուղի պատմության ու հայտնի մարդկանց մասին հակիրճ ներածական հանդիպում, ապա հենց դպրոցի դիմաց սիմվոլիկ ծառատունկ՝ հյուրերի մասնակցությամբ, որից հետո արդեն կարճ այցելություն երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված, 1970 թվականին կառուցված Վահագն վիշապաքաղի հուշարձան՝ գյուղական արտադրանքի փոքրիկ ցուցահանդես-վաճառք։ Գյուղի երիտասարդներից մեկը, Էդգար Մայիլյանը, հուշարձանի ներսում հյուրերին պատմեց հուշարձանի կառուցման պատմությունը, որից հետո որոշ ժամանակ հյուրերը շրջեցին հուշարձանի տարածքում ու բոլորով խմբակային նկարվեցին։
Քայլարշավը մեկնարկեց հուշարձանի մոտից՝ անցնելով գյուղի միջով, ուղղորդվելով դեպի վերին թաղամասերն ու անտառը։ Գրեթե 40 հոգանոց քայլարշավային խումբը, որի մասնակիցների գերակշիռ մասը տեղի երեխաները, պատանիներն ու երիտասարդներն էին, կարճատև դադարներով, բայց բավականին լավ տեմպով հասավ գյուղի ցորենի դաշտերի մոտ, Վահագնի լեռների սկիզբը հանդիսացող բարձունքի ստորոտում, որտեղ հերթական հանգստյան կանգառի ժամանակ Գագիկ Կոնջորյանը մասնակիցներին ներկայացրեց իրենց մի քանի մարզային նախաձեռնությունները, հակիրճ պատմեց գյուղի երեխաների համար առկա կրթական և այլ հնարավորությունների մասին ու առաջարկեց բոլոր հետաքրքրվողներին առաջիկայում կապվել իր հետ՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու և, ցանկության դեպքում, նշված մարզային ծրագրերում ներառվելու համար։
Քայլարշավը շարունակվեց դեպի նորահայտ պեղումնավայրեր, որտեղ անցյալ տարի, գյուղում պատահաբար բացված հնագույն դամբարանների մասին տեղեկությունների հիման վրա, պեղումներ է իրականացրել հայ հնագետների մի խումբ։ Պեղվել է 4 վաղ բրոնզեդարյան դամբարան, որոնցից գտնված նմուշներից լավագույններն այժմ ուսումնասիրվում են ՀՀ Հնագիտության ինստիտուտում։
Հաջորդ կանգառն արդեն դեպի Վահագնաձոր նայող բլուրի վրա էր, որտեղ մասնակիցները պիկնիկ արեցին ու զրուցեցին դեսից դենից։
Քայլարշավը շարունակվեց գեղեցկագույն տեսարաններով լի լեռնասապատով դեպի բուրավետ ու բուժիչ փշատերև անտառներով պատված բարձունքները, որտեղից հիանալի երևում են Վահագնի գյուղն ու Լոռվա ձորը՝ Եղեգնուտ, Չկալով, Դսեղ և մի քանի այլ գյուղերի հետ միասին։ Եվս մի քանի դադարներից հետո, հանգիստ, անշտապ, վայելելով քայլարշավը, խումբը հասավ գյուղամեջ, որտեղ, Էդգարի օգնությամբ ծանոթանալով գյուղի եկեղեցու պատմությանը, բոլորով նկարվեցին ու ավարտեցին քայլարշավը։
ՀՀ տարբեր մարզերից ժամանած, տարբեր փորձառություններով ու մասնագիտությունների տեր այցելուների և վահագնեցիների մասնակցությամբ այս 8,5 կմ երկարությամբ ավելի քան 4 ժամ տևած ճամփորդությունը հիանալի հնարավորություն էր միմյանց ճանաչելու և հայրենի բնության այս չնաշխարհիկ անկյունը վայելելու համար։ Գյուղապետ Սուրեն Կոստանդյանն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները, գյուղացիների աջակցությամբ մի մեծ սեղան էին գցել, որի շուրջ հյուրերը հնարավորություն ունեցան կիսվելու իրենց տպավորություններով ու որոշ գաղափարներ քննարկելու, որոնք հավանաբար կունենան շարունակություն ու կնպաստեն Վահագնիի ճանաչմանն ու առաջխաղացմանը։
Հյուրասիրությունից հետո մասնակիցների մի փոքր խմբի հետ միասին Աշոտ Դավթյանն ու Վահագն Վարդումյանը այցելեցին գյուղում գտնվող իրենց տները, պատմեցին հյուրատնային իրենց գաղափարների մասին ու լսեցին հյուրերի կարծիքները։ Վերադարձին արդեն բոլորը պատրաստ էին մեկնել Երևան՝ իհարկե անպայման վերջին խմբային նկարից հետո։
Վահագնի գյուղը շատերի համար հայտնություն էր և, ինչպես ոմանք ասացին, հավանաբար դառնա նաև հաճախ այցելելու սիրված վայր, ամառանոցային հանգստավայր կամ նույնիսկ ապրելավայր, ինչը միայն երկուստեք դրական ազդեցություն կարող է ունենալ ու մեծապես կարևոր ձեռքբերում՝ մեր երկրի դինամիկ զարգացման ու անվտանգության տեսանկյունից։
Ի դեպ, հյուրերից մի քանիսը, ովքեր նախընտրեցին քայլարշավելու փոխարեն գյուղում մնալ ու հենց գյուղի հետ ծանոթանալ ավելի մոտիկից, այցելեցին լեգենդներով հարուստ կիսավեր եկեղեցին, նույնիսկ երազանք պահեցին երկու պատերի արանքում։
Այս հիշարժան ու կարևոր օրվա մասին արդեն բազմաթիվ հրապարակումներ են արել այցի կազմակերպիչներն ու մասնակիցներից մի քանիսը (Աշոտ Դավթյան, Կարապետ Թոմիկյան, Գագիկ Կոնջորյան, Նունե Հարությունյան, Լիլիթ Հարությունյան, Լիլի Կոստանյան, Վահագն Վարդումյան և այլոք)։
Subscribe to:
Posts (Atom)