About the village

Գյուղը հիմնադրվել է 1805թ.-ին, գտնվում է մարզկենտրոնից 23կմ հեռավորության վրա` Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղի, Անտառամուտի, Եղեգնուտի, Վահագնաձորի համայնքների վարչական տարածքներին: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր-5կմ եւ Թումանյան-7կմ: Հարավային կողմով համայնքն իր վարաչական տարածքով սահմանակից է նաեւ պետական ֆոնդի հողերին:
Աշխարհագրական դիրքը լեռնային է, գտնվում է ծովի մակերեւույթից 1400-1600մ բարձրության վրա: Ձմեռը տեւում է 140-160օր: Նվազագույն ջերմաստիճանը` -28C է, առավելագույնը` մինչեւ +38C: Տարեկան տեղումները քիչ են, վերջին տարիներին ձյուն քիչ էր գալիս, բայց այս տարի տեղումները նորմայից ավելի էին: Համայնքի ցանքատարածությունները հաճախ են տուժում սելավներից, կարկուտներից, երբեմն էլ` երաշտից: Համայնքը համարվում է 1988թ. երկրաշարժից 95% ավերված, որի վերականգնման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել. մնում է կառուցել 84 բնակարան: Համայնքի կենտրոնական մասում գտնվում է 1850թ. կառուցված եկեղեցին, որն այժմ կիսաքանդ վիճակում է: Հայրենական Մեծ պատերազմում զոհված Վահագնեցիների հիշատակին (1973թ.) կառուցված Վահագն վիշապաքաղ հուշարձանը կից թանգարանի հետ վերջերս վերանորոգվել է համայնքապետարանի և գյուղի բնակիչների ջանքերով: Համայնքի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր եւ կիկլոպյան դարաշրջանի ամրոց:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Համայնքն ունի գյուղ. տեխնիկայի եւ պահեստամասերի կարիք: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց: Այն նորակառույց է ունի 180 աշակերտ: Դպրոցն ունի 30 աշխատատեղ, մեկ ուսուցչին ընկնում է 8 աշակերտ: Լավ վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը: Դպրոցն ունի մարզահրապարակի, մարզադահլիճի ջեռուցման հանգույցի` կաթսայատան, տեխ.միջոցների եւ դիդակտիկ նյութերի կարիք, ինչպես նաեւ որոշ առարկաների մասնագետների պահանջ: Համայնքն ունի 1 մշակույթի տուն, որը թիթեղյա կառույց է` առանց նստատեղերի, որի պատճառով համայնքը զրկված է հասարակական միջոցառումներից, կինոյից, թատրոնից: Գործող գրադարանը գտնվում է ոչ բարվոք վիճակում եւ ունի 5213 անուն գիրք: Երկրաշարժից հետո մարզական, հատկապես ֆուտբոլային լավ անցյալ ունեցող համայնքը շուրջ 13 տարի զրկված էր սպորտային հրապարակից: Վերջերս գյուղապետարանի նախաձեռնությամբ եւ համայնքի մարզասեր երիտասարդության ուժերով սկսվել են նախկին ֆուտբոլային խաղադաշտի վերակառուցման աշխատանքները, որը ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով չի բարեկարգվել: Գյուղում գործում է կարատեի խմբակ` հասարակական հիմունքներով, առողջապահության կենտրոն, որը գտնվում տնակային պայմաններում: Այն սպասարկում է նաեւ շրջակա գյուղերին: Կարիք կա կառուցել քարաշեն առողջության կենտրոն կամ վերանորոգել գործողը: Առողջության կենտրոնն ունի վեց աշխատող: Հասցեն՝ գ.Վահագնի, 2040 հեռ՝ (+374 322) 6-95-37 էլ.հասցեն՝ vahagni.lori@mta.gov.am Վեբ կայք՝ www.vahagni.am Աղբյուր՝ Լոռու մարզպետարանի կայք

Followers